ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բյուջետային ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։

Այն նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և երիտասարդների հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար:

Դասընթացն իրականացվում է երեք փուլով. առաջին փուլն ավարտվել է օրերս: Այս տարի դասընթացին մասնակցում է 25 հոգի՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մասնակիցների շարքում են մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, համայնքապետարանների աշխատակիցներ, որոնց աշխատանքային գործունեությունը և պաշտոնից բխող աշխատանքային գործառույթները սերտորեն առնչվում են երիտասարդության ոլորտին։

Հայտերի քանակի տեսանկյունից 2022 թվականն աննախադեպ էր. հայտերի ընդունման փուլում ներկայացվել է ավելի քան 100 հայտ, ընտրվել են առավել թիրախային շահառուները։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մեկնարկին մասնակիցների հետ հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության աշխատակիցները, որոնք խոսել են երիտասարդական պետական քաղաքականության և վերջինիս գերակա ուղղությունների մասին, ներկայացրել են պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերն ու դրամաշնորհները, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության տարբերակներն ու ձևաչափերը։

Դասընթացի ուսումնական մոդուլներն իրականացվել են ոլորտում փորձառու մասնագետների և դասընթացավարների կողմից՝ ոչ ֆորմալ կրթության սկզբունքների և մեթոդական մոտեցումների կիրառմամբ։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում։