ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:

Համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ, որոնց շրջանակում նախատեսվում է քննարկել փորձի փոխանական և համատեղ նախագծերի իրականացման, ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման, երկու երկրներում իրականացվող ծրագրերին համատեղ մասնակցության ապահովման հնարավորությունները:

Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար:

Հիշեցնենք՝ ս. թ. մարտի 10-28-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին տաղավարով։ Հայաստանի ցուցադրության ընթացքում տեղի է ունեցել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակության այցը տաղավար՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը` Շարժայի ժառանգության ինստիտուտ: