Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը:

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը. ծրագրի հեղինակ՝ Վարդուհի Նազարյան:

Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի):

Այնուհետև հոկտեմբերի 15-ին Զվարթնոցի տաճարում «musicAeterna Danse» խումբը հանդես կգա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պարային պրեմիերայով (պարուսույց՝ Վլադիմիր Վառնավա, ռեժիսոր՝ Աննա Գուսևա):

Հոկտեմբերի 16-ին Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտ ա կապելլա երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի: Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում «musicAeterna» և «musicAeterna byzantina» երգչախմբերը կներկայացնեն «Հավերժական լույս» ծրագիրը:

Նշենք, որ «musicAeterna» երգչախումբն ու նվագախումբը՝ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ, հայտնի են ոչ միայն դասական ակադեմիական բարձրակարգ կատարումներով, այլև ժամանակակից, նորարարական մոտեցումներով: Կուրենտզիսը հանդես է գալիս նաև աշխարհի մի քանի տասնյակ առաջնակարգ նվագախմբերի հետ: Նա մեր ժամանակների ամենահայտնի և ինքնատիպ դիրիժորներից է, որի ղեկավարած համերգներն ու օպերային ներկայացումներն անմոռանալի և վառ իրադարձություններ են: