ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 87 տարեկանում կյանքից հեռացել է արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Սուրեն Հասմիկյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին և գործընկերներին:

Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որը գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը, 1989 թվականից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահը։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։

1991 թվականին Սուրեն Հասմիկյանը նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։ 1957 թվականի հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։ 1972 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը։

Սուրեն Հասմիկյանը դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի` դերասանուհի Հասմիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

1987 թ. Սուրեն Հասմիկյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2005 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: