ՀՀ կառավարության այսօրվա նիստում 10 դպրոցների համար նոր գույքի ձեռքբերման նպատակով հատկացվել է 276 մլն 679 հազար դրամ գումար: Գումարը հատկացվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցների վերաբաշխման միջոցով:
«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են դպրոցների վերակառուցման, նոր շենքերի կառուցման աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված են սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր հաստատությունների ցանկում ներառված դպրոցները»,- ներկայացնելով նախագիծը` նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Հատկացված միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներքոնշյալ 10 դպրոցի համար կապահովի նոր գույքի ձեռքբերում.
- «Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց»,
- «Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց»,
- «Երևանի թիվ 116 հիմնական դպրոց»,
- «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց»,
- «Երևանի Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց»,
- «Հերացի» ավագ դպրոց»,
- «Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց»,
- «Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց»,
- «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց»,
- «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց»: