ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նախադպրոցական կրթության համակարգի բարեփոխումների, ոլորտում առկա խնդիրների և առավելությունների, կրթական համակարգում իրականացվող մի շարք այլ աշխատանքների մասին:

Նախարարի տեղակալի խոսքով` նախադպրոցական կրթության համակարգի համար վերջին 2 տարիները բարդ են եղել` պայմանավորված համավարակով:

«Եթե դպրոցներում հնարավոր էր անցնել հեռավար կրթության, ապա նախադպրոցական կրթության համակարգի համար եղան լուրջ խնդիրներ երեխաների ընդգրկվածության առումով: 2020-2021 թվականներին որոշակի սահմանափակումներով էինք երեխաներին ընդգրկում համակարգ, ուստի վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում համակարգի իրական հզորությունը»,- նշել է նա:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` 2019 թվականի ավարտին նախադպրոցական կրթության ոլորտում 0-5 տարեկան երեխաների ընդգրկվածության միջին ցուցանիշը 34,7 տոկոս է եղել: Ընդ որում` ակնհայտ տարբերություններ կան գյուղական և քաղաքային բնակավայրերի ընդգրկվածության ցուցանիշների միջև (39,6 տոկոս` քաղաքներում, 25,4 տոկոս` գյուղական բնակավայրերում): Հատկանշական է, որ առավել բարձր է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը, որը կազմել է 64,4 տոկոս:

«2020 թվականին շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը` շնորհիվ նոր բացված նախակրթարանների և նոր հաստատությունների։ 2020 թվականին շուրջ 22 հաստատություններ են բացվել»,- ասել է ժ. Անդրեասյանը:

Նրա խոսքով` խնդիրներ դեռևս առկա են. Հայաստանում այս պահին շուրջ 236 հազար նախադպրոցական տարիքի երեխաներ, որից 62.000–ը՝ գյուղական համայնքներում, ընդգրկված չեն նախադպրոցական կրթական համակարգում։

Ըստ նրա` ՀՀ կառավարության հեռանկարային ծրագրերը հավակնոտ թիրախներ են սահմանել. Կառավարության ծրագրով նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը մինչև 2026 թվականը պետք է կազմի 85 տոկոս: Իսկ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով» նախատեսված է երեխաների ընդգրկվածությունը հասցնել 95 տոկոսի: Այս թիրախներին հասնելու համար մինչև 2026 թվականը նախատեսվում է վերակառուցել կամ կառուցել 500 նախակրթարան: Այս պահին 92 մանկապարտեզներում նորոգման և շինարարության աշխատանքներ են ընթանում, որոնցից 50-ում աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Ժ. Անդրեասյանը խոսել է նաև նախադպրոցական հաստատություններ չունեցող համայնքներում այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման մասին, որն հնարավորություն է ընձեռել մեծացնելու նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Նման բնակավայրերում ձևավորվել են ցածր արժողությամբ (ծախսարդյունավետ) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող համայնքահեն հաստատություններ:

Ըստ փոխնախարարի` սա կարևոր ծառայության ձև է, որը ստեղծվել է այն բնակավայրերում, որտեղ չկան մանկապարտեզներ, երեխաների թիվը քիչ է: Ծրագրի իրագործման համար ՀՀ կառավարությունը մարզային 10 բնակավայրերի տրամադրվել է դրամական աջակցություն` մինչև 8 միլիոն դրամի չափով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հաստատված նախադպրոցական կրթության պետական չափորոշչին, որն այս ուսումնական տարում փորձարկվում է Երևանի և մարզերի 60 նախադպրոցական հաստատություններում։ Նոր չափորոշչով սահմանվել են երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, կրթական ծրագրերի բովանդակությունը, երեխաներին ներկայացվող որակական պահանջները, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքի ապահովման հիմքերը:

«Մշակվել են նաև մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության մրցութային կարգը, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ նախադպրոցական հաստատությունների տնօրենները կհավաստագրվեն։ Նախատեսվում է նաև ներդնել որակավորման տարակարգի համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ»,- նշել է ժ. Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է նախադպրոցական կրթության համակարգի ֆինանսավորման նոր մոդելի մասին. «Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգը, որն արդեն հաստատված է, հնարավորություն է ստեղծում պետական ֆինանսավորում հատկացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով և զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության ապահովմանը: Ըստ այդմ` արդեն այս սեպտեմբերից ֆինանսավորում է հատկացվել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար»,- նշել է նա։

Փոխնախարարի խոսքով` ‹‹Նախադպրոցական կրթության մասին›› նոր օրենքով սահմանվել է նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման պահանջ, ինչը թույլ է տալիս կարգավորել ոլորտում գործող և այս պահին որևէ կառույցի կողմից չվերահսկվող տարբեր ծառայությունների գործունեությունը:

Ասուլիսի ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը` նշելով, որ բողոքարկման փուլը դեռ չի ավարտվել: Բողոքները քննվում են ԳԹԿ-ի կողմից, արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո: