ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկած հոբելյանական փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին, մոտենում է ավարտին: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի վերջին՝ 7-րդ համերգը:

Համերգը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում հանդես կգան դաշնակահար Անահիտ Դիլբարյանը և թավջութակահար Նարեկ Հեքեքյանը: Կհնչեն Ավետիս Բերբերյանի, Նարինե Զարիֆյանի, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի, Էդգար Հովհաննիսյանի և Արամ Սաթունցի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության հոբելյանական փառատոնին հանդես են եկել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային, Վանաձորի պետական կամերային նվագախմբերը, Երևանի պետական երգչախումբը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Տարվա ընթացքում իրականացվել են բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում՝ մրցույթներ, փառատոներ, օրեր առաջ էլ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է Կոմպոզիտորների միության հոբելյանին նվիրված արխիվային նյութերի ցուցադրություն, որը կգործի շուրջ մեկ ամիս: