Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակյանի հետ:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։

Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն:

https://animationisfilm.com/events/auroras-sunrise/?fbclid=IwAR3LE181f-JfRZK5EZ8jsWfJHRpvcr2dMwYYae9rzrqih3r0hKJyd7CM9No