Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համագործակցությամբ և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» «Աջակցություն Արցախի երիտասարդներին» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» թեմայով երկօրյա դասընթաց Արցախի Հանրապետության երիտասարդների համար: Թեման ընտրվել է՝ ըստ ներկա մարտահրավերների և պահանջարկի:
Երկօրյա դասընթացը վարել են մեդիափորձագետ Արմեն Սարգսյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» լրագրող Նունե Հախվերդյանը:
Դասընթացներն իրականացվել են տեսական և գործնական դասերի համադրմամբ՝ խաղերի ու մտավարժանքների միջոցով: Արցախի բուհերը ներկայացնող երիտասարդները ծանոթացել են, թե ինչպես պետք է տարբերել ապատեղեկատվությունը, ինչպես գրագետ օգտվել կայքերից՝ զատելով օգտակարը և վնասակարը, ինչպես կողմնորոշվել «տեղեկատվական պատերազմի» ժամանակ, և առհասարակ ինչպես պահպանել անձնական անվտանգությունը մեդիահարթակում:
Երիտասարդները շատ մեծ հետաքրքրություն ու ակտիվություն են ցուցաբերել 2 օրերի ընթացքում:
Նշենք, որ նախատեսված 36 մասնակցի փոխարեն մասնակցել են 46-ը:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր: