Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր են:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Էդիտա Իսահակյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է կողմերին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ սա հայ-ռուսական մշակութային կապերը զարգացնելու նոր խթան կլինի:
«Մենք երկար կարող ենք թվարկել անուններ, որոնք հավասարապես հարազատ են հայ և ռուս ժողովուրդների համար էլ: Սա վկայում է մեր դարավոր կապերի և ամուր հարաբերությունների մասին»,- նշել է նախարարի տեղակալը:
Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է նաև մշակութային ժառանգության ոչնչացման խնդրին` ընդգծելով, որ դա մեր օրերի լրջագույն մարտահրավերն է, որը պետք է միավորի համամարդկային մշակույթը գնահատող անհատներին, հասարակություններին և պետություններին:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է բազմակողմանի համագործակցության ուղիների զարգացումն ու առաջընթացը հոգևոր-մշակութային դարավոր կապեր ունեցող երկների հետ: Դեսպանը բարձր է գնահատել միջմշակութային կամրջի կառուցման երկկողմ ջանքերը` շեշտելով, որ հայ և ռուս ժողովուրդներին միավորում են ազգային ընդհանուր արժեքները:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ներկայացուցիչ Էդիտա Իսահակյանը փոխանցել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալլա Մանիլովայի ուղերձը:
Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել թանգարանային ցուցադրություն «Ռուսաստանը թանգարանային երկիր» խորագրով, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում՝ «Թանգարանների ապրանքանիշերի խթանման ժամանակակից գործիքներ և տեխնոլոգիաներ» թեմայով:
Միջոցառումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 7-ին. Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա համաժողով՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հոգևոր ժառանգությանը, իսկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի «Հայաստան, Հայաստան» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվեն լուսանկարներ «Ռոսֆոտո» թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի հավաքածուից:
Ծրագրի փակմանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մոսկվայի Սինոդի երգչախումբը հանդես կգա համերգով: