Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի են ունեցել մեծանուն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշի ներկայացման պաշտոնական արարողությունը և «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամի շնորհանդեսը:

Նամականիշը ներկայացնելու միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, մշակութային և հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը:

«Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի անվանական արժեքը 230 ՀՀ դրամ է: Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը (1922-2011 թթ.): Պատկերված է նաև «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ, 1922-2011» գրառումը՝ հայերեն և անգլերեն: Նամականիշը թողարկվել է սեպտեմբերի 13-ից, դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից շրջանառության մեջ է դրել «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից հատված և նրա ստորագրությունը, դարձերեսին՝ մաեստրոյի դիմանկարը և նրա «խոսող» ձեռքերը: Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Մշակութային և հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմում, որտեղ ծնվել է Օհան Դուրյանը, պատրիարքի ջանքերով հուշատախտակ է տեղադրվել մեծանուն երաժշտի տանը:

Երեկոն եզրափակվել է «Գեղարդ» երգչախմբի և դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի կատարումներով: