Թբիլիսիի «Free Association» հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» («South Caucasus through the Lens») խորագիրը կրող նախագիծը:

Նախագծի շրջանակում հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 15-ն է: Մասնակիցները պետք է գրեն էսսե Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և դրա լուծման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին և այն մինչև հոկտեմբերի 15-ն ուղարկեն southcaucasus2022@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով նաև իրենց անունը, ազգանունն ու հեռախոսահամարը:

Էսսեն չպետք է գերազանցի երկու էջը, չպետք է պարունակի ատելության խոսք կամ թշնամանք: Մասնակիցները պետք է պատմեն, թե ի՞նչ են մտածում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, ըստ իրենց՝ որո՞նք են այդ կոնֆլիկտների առաջացման հիմքերը, ինչպե՞ս են պատկերացնում այս տարածաշրջանում կոնֆլիկտների լուծման ուղիները և ժողովուրդների միջև վստահությունը վերականգնելու համար ի՞նչ տարբերակներ են տեսնում:

Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգևներ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 170, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 140, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 110 ԱՄՆ դոլար մրցանակ: