Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի:

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը (46 կգ) ու Էրիկ Առուստամյանը (52 կգ)։ Հայ բռնցքամարտիկները եզրափակչում առավելության են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Երանոս Օհանյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին և արժանացել է արծաթե մեդալին:

Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանն էլ կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ նվաճելով բրոնզե մեդալներ։

Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: ԵԱ-ին նախապատրաստվելու համար թիմը նախ ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ծաղկաձորում, ապա՝ Հունաստանում:

Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։