ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի հանդիսավոր բացումն ազդարարվել է «Արար» երգչախմբի կատարմամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության խոսքը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով մասնակիցներին, բարձր է գնահատել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ հավելելով, որ որպես ազգային միավոր՝ մենք այսօր տպագիր ժառանգության պահպանման, զարգացման և տարածման գործում առաքելություն ունենք, և այն, որ այս դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում Ազգային գրադարանը կազմակերպում է նմանօրինակ մեծության գիտաժողով, խոսում է այդ առաքելության գիտակցման մասին:

Գիտաժողովին մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ։ Գիտաժողովի շրջանակում մասնակիցներն անդրադարձել են գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։

Բացման լիագումար նիստում առցանց ելույթ է ունեցել «Ինտերնետ արխիվի» հիմնադիր Բրյուստեր Քեյլը։ Գիտաժողովի բացման նիստում ելույթ է ունեցել նաև «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել էին «Հայկական հավաքածուները աշխարհի գրադարաններում», «Թվային բովանդակության կառավարում», «Սփյուռքի տպագիր ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Թվային XXI դար. մարտահրավերներ», «Ժառանգության պահպանություն և հանրահռչակում», «Ազգային տպագիր ժառանգության պահպանություն. պարտադիր օրինակ։ ԱՊՀ երկրների ազգային գրադարանների փորձը», «Ընթերցանության խթանում», «Գրադարանային կառավարում և ծառայություններ», «Գիտելիքի կառավարում. հանրահասանելի գիտություն», «Մատենագիտություն» և այլ թեմատիկ ուղղություններով։

Շուրջ երեք տասնյակ հայկական գրադարան և կազմակերպություն, տասնյակ ազգային և համալսարանական գրադարաններ աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են գիտաժողովին, ինչպես նաև «Էրազմուս+«Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում. Միներվա»» ծրագրի ներկայացուցիչները։

Նշենք, որ գիտաժողովի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը փոխըմբռնման և համագործակցության հուշագրեր է ստորագրել Ռուսաստանի պետական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական հանրային գիտատեխնիկական և Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան պետական, ինչպես նաև Բելառուսի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային գրադարանների հետ։

Գիտաժողովի նպատակն է Հայ գրատպության 510-ամյակի հանրահռչակումը, Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերի ընդլայնումը, միջազգային գրադարանային-տեղեկատվական փորձի ներդրումը և ԱՊՀ երկրների գրադարանների միջև փոխադարձ կապերի ամրապնդումը։