ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Փառատոնի բացումը կկայանա հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիոն» (Ռումինիա) կներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:
Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտ-մենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումը Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները: Հիմնական ծրագրից բացի՝ փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):
Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանին և գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։
Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:
Հիշեցնենք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003 թվականին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2019-2021 թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 Եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Փառատոնի ծրագիրը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3SFDTgV