ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցների դպրոցի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես ՀՀ, ԱՀ մարզերի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» կրթական ծրագրի պաշտոնական բացումը՝ առցանց ձևաչափով:

Մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ծրագրի նպատակն է Հայաստանում և Արցախում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդներին փոխանցել գիտելիք սոցիալական ձեռներեցության վերաբերյալ, վեր հանել սոցիալական հիմնախնդիրները, ձևավորել երիտասարդներ-ՏԻՄ–ՍՁ համագործակցային մոդել, համայնքային խնդիրների լուծման նպատակով հիմնել ՍՁ-ներ, տրամադրել դրամաշնորհներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին՝ ընդգծելով, որ պետությունը կարևորում է երիտասարդների կարողությունների զարգացումը տարբեր ոլորտներում, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև ձեռներեցությունը: Նա հույս է հայտնել, որ կրթական ծրագիրը հնարավորություն կտա սոցիալական ձեռներեցության ոլորտում ունենալ գիտելիք, հասկանալ սեփական ուժեղ և թույլ կողմերը և նախաձեռնել որևէ բիզնեսի գաղափար:

«Հայաստանում և Արցախում երիտասարդների կարողությունների և ինքնիրացման հնարավորությունների բացահայտմանն ուղղված ծրագրերն ունեն առանցքային մեկ նպատակ, այն է՝ անկախ բնակության վայրից, երիտասարդները սոցիալական ծառայությունների և կարողությունների զարգացման տեսանկյունից ունենան հավասար հնարավորություններ: Պետք է շեշտեմ, որ այս ուղղությամբ առաջանցիկ տեմպերով փորձելու ենք մինչև 2026 թ.-ը Հայաստանում առնվազն 25 երիտասարդական կենտրոն ստեղծել»,- փաստել է նախարարի տեղակալը:

Նշենք, որ «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես ՀՀ, ԱՀ մարզերի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագրին դիմել են շուրջ 350 երիտասարդներ, որոնք անցել են ընտրության 3 փուլ: Դիմողներից ընտրվել են առավելագույն միավոր հավաքած 50 երիտասարդներ (40 հոգի՝ ՀՀ-ից, 10 հոգի՝ ԱՀ-ից): Ընտրված մասնակիցները համայնքի ակտիվ, սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված կամ գաղափարներ ունեցող երիտասարդներ են, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ անապահով ընտանիքների երիտասարդ անդամներ, 44-օրյա պատերազմի մասնակից և հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, զոհվածների ընտանիքների անդամներ:

ՍՁ բիզնես կրթական ծրագրի հիմնական բաժիններն են.

  • ՍՁ գաղափարների գեներացում,
  • բիզնես գաղափարի մոդելավորում, թեստավորում,
  • սոցիալական նորարարություն և ստեղծարարություն,
  • ՍՁ բիզնես կտավ մոդելի կազմում,
  • ՍՁ ֆինանսական պլանավորում և կառավարում,
  • ՍՁ մարքեթինգ և ռազմավարության մշակում,
  • սոցիալական ազդեցության մոդելների ուսուցում,
  • համայնքի կարիքի վերհանում և գնահատում,
  • դրամաշնորհային ծրագիր կազմելու հնարավորություն,
  • հարկային, իրավաբանական, հաշվապահական խորհրդատվություն: