Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ծրագրի հիմնական փուլի մեկնարկի կապակցությամբ, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացմանը, ինչը, ըստ փոխնախարարի, մեր երկրի համար կարևոր և առաջնային ուղղություններից է:

«Այդ առաջնահերթությունները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» նախագծում, որտեղ մենք նախանշել ենք բավականին հավակնոտ նպատակներ: ՄԿՈւ ոլորտում մեր անելիքները շատ են, որոնք առաջին հերթին ուղղված են այդ բնագավառի կադրերի զբաղվածունակությանը և դրա ներուժի օգտագործմանը՝ ի նպաստ հանրային և տնտեսության զարգացման»,-նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ այդ անելիքների մի մասը համահունչ է մեկնարկող ծրագրին։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր գործընկերներին. «Կարևորում ենք պետության, միջազգային կազմակերպությունների, տեղական դաշտի և մասնավոր սեկտորի համագործակցությունը. միայն այս ճանապարհով կարող ենք հասնել կրթության որակական փոփոխությունների։ Կարևոր է, որ ծրագրի շրջանակում էլ ավելի առարկայական դառնան աշխատանքի վրա հիմնված ուսուցման այն ձևաչափերը, որոնք ներկայում քննարկվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի նախագծի շրջանակում: Հույս ունեմ, որ այս ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը կհամադրվի օրենսդրական դաշտի անելիքներին և կունենանք հիանալի արդյունք՝ մի կողմից իրավական կարգավորումներ, իսկ մյուս կողմից՝ արդիական և նորարարական ծրագրեր: Սա է կրթության զարգացման ճանապարհը, և ուրախ եմ, որ այդ ճանապարհին ունենք շարունակական համագործակցություն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների, կցուցաբերի ինստիտուցիոնալ անհրաժեշտ աջակցություն ծրագրի սահուն իրականացման համար:

Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի բարելավելու գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները:

Ռազմավարական զարգացման գործակալության և Գերմանիայի զարգացման գործակալության (GIZ) ներկայացուցիչները ներկայացրել են «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի մանրամասները: Նշվել է, որ Շվեյցարիան, Ավստրիայի և Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկել են ՄԱՎԵՏԱ նախածի հիմնական փուլը, որպեսզի աջակցեն ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համակարգի բարեփոխումներին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են՝ անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը/ընկույզի և մրգերի մշակումը։ Նախագծի շրջանակում դուալ կրթության այս մոտեցումը կամրագրվի ինստիտուցիոնալ մակարդակում. քաղաքականությունները կդառնան ավելի համահունչ, իսկ կրթական հաստատությունների և պետական ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ առավել արդյունավետ: Նախագծում ներառված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը, Բերդի բազմագործառութային քոլեջը, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը, ՀԱԱՀ-ի Երևանի և Սիսիանի մասնաճյուղերի միջին մասնագիտական կրթական ծրագրերը։

Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Արդեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։

ՄԱՎԵՏԱ նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, «Իզմիրլյան հիմնադրամը», «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Նախագիծն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն« (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: