ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը, որի շրջանակում տեղի կունենա 12 համերգ Երևանում, Կապանում և Չարենցավանում:

Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը։

Փառատոնին կմասնակցեն արտերկրի հայտնի երգեհոնահարներ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաև վարպետության դասեր:

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանն ու Մարինա Նահապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Վահագն Ստամբոլցյանի անունը կրող երգեհոնի միջազգային փառատոնը սոսկ միջոցառում չէ, այլ երգեհոնային երաժշտարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման կարևոր բաղադրիչներից մեկը:

«Ցանկացած ազգ՝ մշակութային և քաղաքակրթական իմաստով, կարող է խոսել այդպիսինը լինելու մասին, եթե այդ ազգը տիրապետում է երգեհոնային արվեստին: Այս ոլորտում մենք ունեցել ենք փառահեղ անուններ, այսօր աշխարհի առաջատար բեմերում և տաճարներում նվագում են հայ երաժիշտներ, հայ երգեհոնային դպրոցով սնված և հետագայում այդ դպրոցը կատարելության հասցրած տարբեր եվրոպական կրթական հաստատությունների երաժիշտներ: Ես հույս ունեմ, որ առաջիկայում իսկապես այս փառատոնը կդառնա հայահավաք մի հարթակ, որտեղ կներկայանան աշխարհի առաջատար հայ երգեհոնահարները: Մեր նպատակն է ոչ միայն կանխել երգեհոնային դպրոցի հետընթացը, այլև այդ դպրոցի շարունակականությունը և կատարելագործման ընթացքն ապահովել»,- նշել է Արա Խզմալյանն ու անդրադարձել գործիքներին՝ տեղեկացնելով, որ մի քանի հաստատություններում առկա երգեհոնները բարեկարգման կամ ամբողջական նորոգման կարիք ունեն: Նախարարի տեղակալը մատնանշել է նաև ոլորտում առկա կադրային խնդիրները:

«Սոցիալական անորոշ վիճակում են գտնվում մեր երգեհոնահարները, այսինքն՝ այն մարդիկ, որոնց ուսերին դրված է երգեհոնի կատարողական դպրոցի շարունակականության ապահովման առաքելությունը: Հիմա փորձում ենք ֆինանսական և հաստիքային վերաբաշխումների արդյունքում մեր երգեհոնահարներին հնարավորություն տալ աշխատելու պետական կառույցներում»,- ասել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ արվել է ոլորտի ախտորոշում, վեր են բարձրացվել խնդիրները, և յուրաքանչյուր տարի քայլեր կձեռնարկվեն առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Սուքիասյանի նշմամբ՝ երգեհոնն իր առանձնահատուկ տեղն ու լսարանն ունի հայաստանյան մշակութային կյանքում. «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Հաշվի առնելով գործիքի եզակիությունն ու երգեհոնային երաժշտության նկատմամբ մեր ունկնդրի հետաքրքրությունը՝ գաղափար հղացավ կազմակերպել նմանօրինակ մասշտաբային փառատոն։ Ի դեպ, գաղափարը մի քանի տարվա պատմություն ունի, համավարակը և պատերազմը ստիպեցին փոքր-ինչ հետաձգել իրականացումը, սակայն ուրախ ենք, որ այս համերգաշրջանում հանդիսատեսին կներկայացնենք Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը։ Ի դեպ, Ստամբոլցյանը ելույթ է ունեցել Կամերային երաժշտության տանը կայացած առաջին երգեհոնային երաժշտության համերգին»‎:

Նշենք, որ փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Փառատոնի ծրագրում ներառված է նաև Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ: