ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը, և կբացվի ցուցահանդես, որը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 31-ը՝ ժամը 11։00-17։00-ն, բաց կլինի հանրության համար։ Մուտքն ազատ է:

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում (Գրիգոր Լուսավորիչ 6, մուտքը՝ այգու կողմից) կազդարարվի փառատոնի մեկնարկը և կբացվի ցուցահանդեսը։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը։

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։30-ից, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» ժյուրիի անդամներ Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան) կներկայանան դասախոսություններով: Մուտքն ազատ է։

Տեղեկացնենք, որ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ են անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք, որոնք կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում և կգնահատվեն միջազգային ժյուրիի կողմից։

Փառատոն-մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին (մուտքը՝ հրավերով)։

Նշենք, որ «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների միջազգային արդի միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ լինել հայ և արտերկրի արվեստագետների միջև։

Փառատոնի նախազատման հանձնաժողովում ընդգրկված են գրաֆիկ դիզայներ, արվեստագետ «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։