ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը:

Մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, որին ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողները կծանոթանան կրթության բնագավառի օրենսդրությանը, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դաստիարակության ժամանակակից մեթոդներին և հնարներին, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին և հիմնական ծրագրերին:

Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացում մեծ տեղ է հատկացվել այն հարցերին, որոնք վերաբերում են դաստիարակության և ուսուցման արդյունավետ պայմանների ապահովմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, վերոնշյալ գործընթացներում անհատական և տարբերակված մոտեցումներին, ինչպես նաև սաների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին:

Դասընթացը կնպաստի մանկավարժական աշխատողների ինքնակրթության և շարունակական զարգացման գործընթացին, պարապմունքների պլանավորման և իրականացման գործընթացում ուսումնաօժանդակ, գործնական աշխատանքների ու տեխնիկական միջոցներով կոնկրետ ուսումնադաստիարակչական խնդիրներ լուծելու հմտությունների ձևավորմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը: Այն նաև կխթանի ուսումնադաստիարակչական և մեթոդական նյութեր մշակելու, պարապմունքներ պլանավորելու և անցկացնելու, դրանք վերլուծելու և գնահատելու՝ մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է իմանա նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հիմնական դրույթները, ծրագրերը և դաստիարակության մեթոդիկաները, երեխաների տարիքային և մանկավարժական հոգեբանության առանձնահատկությունները, ինչպես նաև մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները:

Դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է կարողանա սաների շրջանում ձևավորել ճանաչողական հետաքրքրություններ և սովորածը գործնականում կիրառելու հմտություններ, նպաստել սաների ինքնասպասարկման, ինքնակառավարման և նախաձեռնողական կարողությունների զարգացմանը, արդյունավետ ներառել կրթության ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաներին և այլն:

Վերապատրաստման դասընթացին հատկացվում է 110 ժամ:

Հրամանով սահմանվել են նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, ուսումնառության վերջնարդյունքները և մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առաջարկվող թեմաները: