ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները:

Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին:

Դասընթացին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել եվրոպական 12 երկրներից շուրջ 27 երիտասարդներ: Մասնակիցները հնարավորություն ունեն իրականացնելու փորձի փոխանակում բնապահպանական օրենսդրության ոլորտում որոշումների կայացման ուղղությամբ երիտասարդների մասնակցության վերաբերյալ։

Դասընթացի շրջանակում նախատեսվող ուսուցողական այցելություններից էր ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության աշխատակիցների հետ հանդիպումը, որի ընթացքում երիտասարդներին ներկայացվել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը և ոլորտի ծրագրերը:

Հյուրերը բարձրաձայնել են մի շարք հարցեր` երիտասարդների ներգրավածությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ և ստացել սպառիչ պատասխաններ: