Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 16 մարզիկով կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ:

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին գտնվում է Հունաստանում, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ անցկացնում է համատեղ ուսումնամարզական հավաք։

Եվս մեկ ուսումնամարզական հավաք թիմն ավելի վաղ անցկացրել էր Ծաղկաձորում:

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն էլ օրերս Կրասնոդարում մասնակցել է Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարին և 4 մեդալ է նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիր է դարձել Գարիկ Անտանոսյանը (71 կգ), իսկ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ) և Համլետ Ադամյանը (80 կգ) կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին՝ դառնալով բրոնզե մեդալակիրներ:

Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարին այս տարի 19 երկրի ներկայացուցիչ է մասնակցել: