Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը համապատասխան պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար:

ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ այս շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 31.08.2022 թիվ 1557-Ա/2 հրամանով հաստատված ՆՄՀ ղեկավար ձեռնարկով:

ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:

ՆՄՀ նոր շրջափուլի համար հաստատված գերակա ուղղություններն են՝ հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM-science, technology, engineering and mathematics):

Ծրագրերի գիտություն-կրթություն-բիզնես եռանկյունու տրամաբանության մեջ ներկայացված լինելը կդիտվի որպես հայտի առավելություն:

ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.

• Կոնսորցիումային ծրագրեր, որոնք կնպաստեն սերտ համագործակցությանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, որոնք կարող են լինել ինչպես տեղական կազմակերպություններ, այնպես էլ օտարերկրյա: Կոնսորցիումը պետք է բաղկացած լինի առնվազն մեկ բուհից և մեկ գործարար ոլորտի և/կամ գիտահետազոտական ընկերությունից: Կոնսորցիումային ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 500 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:

• Պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին պետական բուհերի, այդ թվում՝ նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը` ռազմավարական զարգացման առաջնահերթությունների և կրթական ոլորտում նորարար լուծումների հիման վրա: Այս տիպի դրամաշնորհային ծրագրերը հասցեագրված են նաև մայրաքաղաքի և մարզային բուհերի միջև առկա մասնատվածության/անհամաչափ զարգացման խնդիրների լուծմանը: Տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ի դրամաշնորհային ծրագրում ընդգրկելը (եթե այդպիսիք կան), կդիտվի որպես առավելություն դրամաշնորհային ծրագրերի գնահատման ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհի մասնաճյուղը չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, բուհի մասնաճյուղը չի կարող առանձին հայտ ներկայացնել: Տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:

• Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են ոչ պետական բուհերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը, կարողությունների զարգացմանը և նորարար ծրագրերի իրականացմանը: Փոքր բուհերի կոնսոլիդացիային նպաստելու և բուհերի միջև համագործակցությունը խթանելու նպատակով ոչ պետական բուհերը խրախուսվում են ներկայացնելու համատեղ ծրագրեր: Տրամադրվող դրամաշնորհի գումարն առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ է:

Դրամաշնորհային բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում: Ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից անհատական ծրագրերի համար առնվազն 15 տոկոս և կոնսորցիումային ծրագրերի համար 20 տոկոս համաֆինանսավորումը:

ՆՄՀ նոր շրջափուլին հայտ ներկայացնելու համար բուհերը պետք է բավարարեն հետևյալ իրավասության չափանիշներին՝

• ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ինստիտուցիոնալ պայմանական հավատարմագրման առկայություն,

• հաստատված ռազմավարական ծրագրի (և/կամ բիզնես պլանի` կոնսորցիումի մասնակից համապատասխան կազմակերպությունների համար) առկայություն առնվազն ներկայացվող ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի տևողության համար, ինչը կերաշխավորի, որ դրամաշնորհային հայտում ներկայացված առաջնահերթություններն ու նպատակները համահունչ են ռազմավարական առաջնահերթություններին,

• ՆՄՀ դրամաշնորհառու հանդիսացած բուհերի համար՝ ՆՄՀ իրականացված դրամաշնորհային ծրագրի համար աուդիտի չփոփոխված եզրակացություն,

• ՆՄՀ դրամաշնորհառու չհանդիսացած բուհերի համար ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման բավարար արդյունքներ` ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթում - ՆՄՀ դրամաշնորհային հայտում հիմնական հայտատու նշվող բուհերը հայտերի պատրաստման փուլում պետք է անցնեն ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգում: Ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքների նկարագիրը հասանելի է ստորև: Ստուգումը պետք է իրականացվի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից ընդունելի աուդիտորների կողմից, որոնց ցանկը նույնպես ներառված է ստուգման աշխատանքների նկարագրում: Բուհերը հայտի պատրաստման ընթացքում պատասխանատու են տվյալ ցանկից որևէ ընկերությանը դիմելու, վերջինիս կողմից նշված ստուգումն անցկացնելու և արդյունքներն ըստ պատշաճի ստանալու համար: Այն բուհերի հայտերը, որոնք ստուգման արդյունքներով կստանան կատեգորիա Ա կամ Բ խմբի խնդիրներ և թերություններ արձանագրող հաշվետվություն, կդիտվեն իբրև ոչ իրավասու: Կատեգորիա Գ խմբի խնդիրները որևէ ազդեցություն չեն ունենա բուհի` հայտ ներկայացնելու իրավասության վրա, սակայն գնահատման ընթացքում տվյալ բուհը կխրախուսվի ուղղելու/կարգավորելու հայտնաբերված խնդիրները:

• ՆՄՀ նոր շրջափուլի դրամաշնորհային հայտերի գնահատման համար առանցքային է լինելու այն, որ ժամանակի մարտահրավերներին համապատասխան ծրագրային հայտերը պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականության աջակցմանը, ինչպես նաև գենդերային հավասարակշռվածության և ներկայացվածության բարելավմանը՝ ձեռնարկելով քայլեր իգական սեռի ուսանողների ընդգրկվածության և պրոֆեսորադասախոսական կազմում վերջիններիս ներգրավվածության ուղղությամբ:

ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, ՆՄՀ ղեկավար ձեռնարկը՝ կից բոլոր հավելվածներով (առդիր 1, առդիր 2, առդիր 4 /առդիր 2-ի հավելվածներ/ հավելված 1, հավելված 2-10, հավելված 5, հավելված 11, հավելված 12), ինչպես նաև բուհերի ֆինանսական կառավարման և ներքին վերահսկողության համակարգի ստուգման աշխատանքային նկարագիրը, դրամաշնորհային ծրագրերի ընթացքում բողոքների կարգավորման մեխանիզմը և դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://cfep.am/hy/announcements/item/2022/09/19/4087/:

Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝ ս.թ. նոյեմբերի 21-ը։ Տվյալ ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ, հասցե՝ ք. Երևան, Ս. Վրացյան 73, կամ զանգահարել (010) 57-56-90, ներքին (52),(53),(54) հեռախոսահամարներով: