ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վիրահայ 25 երիտասարդների համար կազմակերպվել է համահայկական ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:

Միջոցառման նպատակն էր հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը:

Միջոցառման մասնակիցների ընտրությունը կատարվել է Վիրահայոց թեմի հետ համագործակցությամբ:

Հայաստան այցի շրջանակում վիրահայ երիտասարդները հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ՝ գործընկերային կապերի հաստատման և հետագա համագործակցության խթանման նպատակով:

Նրանց ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը. «Նմանօրինակ միջոցառումները լավ հնարավորություն են երիտասարդների համար՝ ճանաչելու արմատները, իրենց պատմական արժեքները, ինչը կխթանի, որ նրանք իրենց բնակության երկրում առավել համախմբված լինեն»:

Երիտասարդներն էլ իրենց հերթին պատմել են Հայաստանում ունեցած իրենց տպավորությունների մասին: Նրանց հատկապես հիացրել է Սևանա լիճը, որը, ըստ նրանց, իրականում ավելի չքնաղ է, քան լուսանկարներով, իսկ չափերով անհամեմատելի է Փարվանա լճի հետ: Երիտասարդներն առանձնակի հիացմունքով են խոսել Մատենադարանի մասին՝ նշելով, որ այս եզակի կառույցը հնարավորինս պետք է ճանաչելի դառնա օտարների շրջանում նաև իրենց ջանքերով: Երիտասարդները վստահություն են հայտնել, որ նաև ընկերների հետ շարունակաբար կայցելեն Հայաստան:

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագիրը շարունակական է, երիտասարդներն ապագայում ևս հնարավորություն են ունենալու այցելել Հայաստան:

Վիրահայ երիտասարդներին ներկայացվել են նաև երիտասարդության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը: