Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 16 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Մեծահասակների կազմում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արսեն Խանջյանը՝ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչ գոտեմարտում կամային տպավորիչ հաղթանակ է տարել ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինի նկատմամբ՝ հաղթական միավորը վաստակելով գոտեմարտի ավարտից 14 վայրկյան առաջ (3:1): Նախքան եզրափակիչ հասնելն էլ Արսեն Խանջյանը հաղթանակներ է տարել Իսրայելի, Ադրբեջանի և Բելառուսի ներկայացուցիչների նկատմամբ:

Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանն ու 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ կանանց պայքարում 54 կգ քաշային Վարսենիկ Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում էլ արծաթե մեդալ է նվաճել Համլետ Սուքիասյանը, իսկ նույն մրցաձևի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Վահրամ Գրիգորյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Երիտասարդների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Աշիկ Անդրեյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ), իսկ բրոնզե մեդալների են արժանացել Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ):

Հայաստանի պատանեկան հավաքականն էլ 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ է նվաճել ԵԱ-ում:

Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանն արժանացել է բրոնզե մեդալի, տղաների պայքարում 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավել են երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և նվաճել Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը:

Հատկանշական է, որ Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ է անցկացվել նմանօրինակ միացյալ ձևաչափով՝ պատանիների, երիտասարդների և մեծահասակների մասնակցությամբ:

Հին աշխարհամասի առաջնությանը 24 երկրի մարզական պատվիրակություն է մասնակցել, իսկ Հայաստանը ստուգատեսում ներկայացված է եղել 28 մարզիկով: