Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և 12:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հարությունյանը 0:10 հաշվով պարտվել է Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Արսենը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել:

Սփոփիչ գոտեմարտում էլ Հարությունյանն ուժերն է չափել Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր, Ալբանիայի ներկայացուցիչ Իսլամ Դուդաևի հետ և 12:11 հաշվով կամային հաղթանակ տարել:

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Թիմն ԱԱ-ում հանդես է եկել Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ և 1 բրոնզե մեդալ նվաճել:

Ազատ ոճային ըմբիշներից մեդալ նվաճելուն մոտ են եղել նաև Արման Անդրեասյանն ու Վազգեն Թևանյանը: 70 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը մրցել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ և պարտություն կրել։

Վազգեն Թևանյանն էլ առաջին սփոփիչ գոտեմարտում աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովին հաղթելուց հետո երկրորդ սփոփիչում 6:7 հաշվով զիջել է Հնդկաստանի ներկայացուցիչ Բաջրանգ Բաջրանգին և լքել պայքարը:

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել էր 1 ոսկե և 1 բրոնզե մեդալներով: Աշխարհի չեմպիոնի կոչումը 4-րդ անգամ նվաճել էր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը: