ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 16-ին կայացած նիստի որոշման համաձայն՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմա­կերպությունը, «Հայաստանի պարար­­վեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական համույթներ, որոնք գործում էին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքո՝ «Հայաստանի ազգային նվա­գարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:

Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության սեփական եկամուտների մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։ Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկմամբ նախատեսվում է էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը: Սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը:

Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրարկմանը: Կազմակերպություններում առկա կլինի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ: Հետևաբար, «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելը կնպաստի կազմակերպությունների ստեղծագործական առաջընթացին, համերգային գործունեության բարելավմանը:

Այսպիսով, որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռում մեկտեղել և կենտրոնացնել մասնագիտական (պրոֆեսիոնալ կադրերի ներգրավում, մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում) և ֆինանսական (բյուջետային և արտաբյուջետային միջոցների գրագետ ու արդյունավետ համադրում և կառավարում) ռեսուրսները, էապես կբարձրացնի նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը, կնպաստի միջազգային հարթակներում հայ մշակույթի դիրքավորմանը: