ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության բյուջետային ծրագրի շրջանակում («1115․Երիտասարդության ծրագիր») ընդունում է հայտեր «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:

Դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և բոլոր նրանց համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:

Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները:

Դասընթացն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլն անցկացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 4-7-ը Ծաղկաձորում:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ,
  • երիտասարդության ոլորտում առնվազն երեք տարվա փորձառությունը հավաստող տեղեկանք,
  • կամավորական աշխատանքի փորձառությունը հավաստող տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • հետաքրքրվածության նամակ՝ ըստ կից ներկայացվող ձևաչափի (առավելագույնը՝ 200 բառ):

Հայտերն ընդունվում են 2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 23-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին:

Դասընթացն անցկացվում է «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրով` համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի նիստի N 56 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի» կանոնակարգի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը հաստատելու» մասին № 301-Ա/1 հրամանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունիսի 28-ի №1025-Ա/2 հրամանի: