Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի աշնանային շրջանի առաջին համերգը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնը մեկնարկել էր դեռևս մայիսին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Վանաձորի պետական կամերային նվագախմբերի մասնակցությամբ՝ երկու համերգով:

Փառատոնի շրջանակում նախատեսվում են ևս 5 համերգ: Մասնավորապես սեպտեմբերի 13-ին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), իսկ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 20-ին՝ Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան):

Սեպտեմբերի 30-ին Վանաձորում կայանալու է համերգ՝ Վանաձորի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Նույն նվագախումբն արդեն Երևանում՝ կոմպոզիտորների տանը, ելույթ կունենա հոկտեմբերի 4-ին: Հոկտեմբերի 8-ին էլ միության համերգասրահում տեղի կունենա հայ հեղինակների կամերային ստեղծագործությունների համերգ: Փառատոնը եզրափակվելու է հոկտեմբերի 12-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Փակման համերգին բեմում ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում Երևանի մետրոպոլիտենում նախատեսվում է նաև միության արխիվային նյութերի ցուցահանդեսի բացում: Սեպտեմբերի 24-ին էլ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում անցկացվելու է երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգ՝ նվիրված միության հոբելյանին:

Հավելենք, որ այս տարվա սկզբին հայտարարված լարային նվագախմբի համար գրված ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ փուլն էլ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 7-ին:

Համերգների մուտքն ազատ է: