Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփվել է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը, որը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին և նպատակ ուներ ոգեշնչելու ու կրթելու տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին:

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և այլք:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսքում նշել է՝ փառատոնը նոր շունչ ու նոր ոգևորություն է բերել Հայաստանին. «5 օր շարունակ մենք հնարավորություն ունեցանք հաղորդակցվելու ինչպես համաշխարհային տիեզերագիտության նորագույն նվաճումների ու դրանց կերտող գիտնականների, այնպես էլ հռչակավոր ու անվանի երաժիշտների գլուխգործոցների հետ:

Սա այն վառ օրինակներից է, որոնք ապացուցում են, որ գիտությունն ու արվեստը սերտորեն կապված են, և դրանց համադրությունը ոչ միայն հակասություններ առաջ չի բերում, այլև դառնում է անհրաժեշտություն և ստեղծարարություն: Մաղթում եմ բոլորիս, որպեսզի «STARMUS VI» գիտության և արվեստի միջազգային փառատոնի բերած ոգևորությունը վերածվի առարկայական աշխատանքի, նորանոր ձեռքբերումների և գիտության ու արվեստի հազվագյուտ նվաճումների»:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է «STARMUS»-ով մի քանի լուրջ արդյունքներ ստանալ և մի շարք բացահայտումներ անել. «Միջոցառումների ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունում գիտության և արվեստի ուղղությունները հսկայական պահանջարկ ունեն: Այսպիսի միջոցառումները լրացուցիչ խթան են հանդիսանում այդ ուղղությունների զարգացման համար, որովհետև կրթությունը և գիտությունն առանց արվեստի այլևս գոյություն չունեն։ Եվ «Սթարմուսը» դրա լավագույն համադրումն է: Ինքներս մեզ համար նաև բացահայտումներ արեցինք, թե որքան մեծ ներուժ կա ՀՀ-ում»:

Փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն էլ նշել է՝ հյուրերից շատերը փաստել են, որ Հայաստանում անցկացված «STARMUS»-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ: Իսրայելյանը հույս է հայտնել, որ Հայաստանում նմանատիպ փառատոներ ապագայում ևս կանցկացվեն՝ ընդգծելով, որ առանց գիտության և կրթության Հայաստանում ապագա չկա:

Իսրայելյանը նաև տեղեկացրել է, որ պետական մարմինների և «STARMUS»-ի միջև ձևավորվել է լավագույն համագործակցությունը, ինչպես նաև եղել է ուսանողների ակտիվ մասնակցություն ծրագրին:

«STARMUS VI» փառատոնն ավարտվել է «Ալեքսեյ Լեոնով. Տիեզերքը ներսում» ֆիլմի բացառիկ պրեմիերայով։ Ֆիլմը հիմնված է խորհրդային տիեզերագնաց և պատմության մեջ առաջինը բաց տիեզերք դուրս եկած Ալեքսեյ Լեոնովի դստեր՝ Օկսանա Լեոնովայի վերջին հարցազրույցի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Ցոյը։

Փառատոնի շրջանակում Երևանի Ազատության հրապարակում անցկացվել է նաև եռօրյա գիտական ճամբար, որին մասնակցել են ավելի քան 50 ընկերություններ և օրական ունեցել են հազարավոր այցելուներ: Ճամբարի շրջանակում ներկայացվել են գիտական նորարարությունները, անցկացվել են դասախոսություններ: Ճամբարն ավարտվել է սեպտեմբերի 11-ին՝ երեկոյան համերգային ծրագրով:

Ազատության հրապարակում բացված «Գիտության ճամբար» են այցելել և գիտության նորագույն նվաճումներին ու ձեռքբերումներին են ծանոթացել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Հայաստանում «STARMUS VI»-ն անցկացվել է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է եղել Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-էմ) ռոբոտը։

Փառատոնի շրջանակում Ալեքսանդր Քեմուրջյանի անունով է անվանակոչվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը: Շրջանառության մեջ է դրվել նաև մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ ««Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով: