ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը:

Վրույր Հարությունյանը ծնվել է 1949 թ. Կիրովական (Վանաձոր) քաղաքում։ 1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ 1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան ու գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան:

Վրույր Հարությունյանը կերտել է ավելի քան 50 թատերական դեր, խաղացել է «Վառած լապտեր», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ընդհատված մանկություն», «Մի՛ վախեցիր», «Սուպեր մամա», «Երկրաշարժ» ու այլ ֆիլմերում, նկարահանվել է նաև հեռուստասերիալներում:

Թատրոնից պակասեց ևս մեկ արտիստական գույն: Վրույր Հարությունյանն առանձնանում էր իր յուրօրինակ խաղաոճով և պարզությամբ: Հանդիսատեսի հիշողության մեջ նա այդպիսին էլ կմնա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր զորակցությունն է հայտնում արտիստի ընտանիքին, երկրպագուներին և թատրոնի անձնակազմին: