«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի փակման գալա համերգը՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Համերգային ծրագրում հնչել են Գոռ Սուջյանի, Արամ mp3-ի, Վահագն Հայրապետյանի, «Նեմրա» և «Hope for coffee» խմբերի, ինչպես նաև սիրված այլ երգիչների ու երաժշտական խմբերի կատարումներ, որոնց հետ հանդես են եկել նաև փառատոնի պատանի մասնակիցները։
«Այս փառատոնով փոխվում է ներառականության մեր ընկալումը. ոչ թե զարգացման առանձնահատկություն ունեցող պատանիներն են ներառվում, այլ մենք ենք ներառվում նրանց զարմանալի պարզ ու բարդ աշխարհի մեջ»,- նշել է Ա. Խզմալյանը։
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 6-10-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, կազմակերպել է «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ն: Այն ներառում է ամբողջ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, որոնց մասնակցել են շուրջ 100 երեխա՝ 10 կենտրոններից: