ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի կոնվենցիայի ու Քաղաքաշինության կոմիտեի համատեղ մշակված «Բնապահպանական կրթական գործողություններ տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկի՝ ՀՀ մարզերի դպրոցներին տրամադրելու միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, կոմիտեի այլ անդամներ և ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշել է, որ գրքույկը բովանդակային առումով համահունչ է հանրակրության նոր չափորոշչին. «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքների շրջանակում կրթական չափորոշչով արված այս հետազոտությունը շատ կարևոր է և օգտակար է մեր աշակերտների համար, քանի որ նրանք ձեռք են բերում նոր գիտելիքներ լանդշաֆտի վերաբերյալ։

Այս ուսումնական տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվելու գալիք ուսումնական տարվանից նոր չափորոշիչների տեղայնացմանը նախապատրաստվելու համար: Այդ նպատակով նախատեսվում են վերապատրաստումներ, բովանդակային քննարկումներ, իսկ 2023 թվականի սեպտեմբերից նոր չափորոշիչը տեղայնացվելու է նաև տարրական դասարաններում։

Կարծում եմ՝ լանդշաֆտների ուսումնասիրության վերաբերյալ այս գրքույկը հատկապես օգտակար կլինի «Ես ու շրջակա աշխարհը» առարկայի ուսուցման համար` ուսուցիչների ծրագրային խնդիրները լուծելու տեսանկյունից: Գրքույկը նաև միջառարկայական և ներառարկայական կապերն է ամրապնդում, ինչը նոր չափորոշչի կարևորագույն խնդիրներից է»։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում իրականացվող մարզառազմական ճամբարների կազմակերպումը, որոնց ընթացքում աշակերտներն ավելի լավ են ճանաչում հայրենիքը:

«Շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը՝ մենք աշակերտներին հնարավորություն ենք ընձեռում արագ կողմնորոշվել տեղանքում և կիրառել ձեռք բերած հմտությունները։ Այս առումներով ևս գրքույկն օգտակար կլինի թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար»,- նշել է Ժ Անդրեասյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նշել է, որ գրքույկում դիտարկված են լանդշաֆտի հիմնախնդիրները. «Մեր նպատակն է խթանել աշակերտների հետաքրքրությունը լանդշաֆտի նկատմամբ: Գործողությունները վերաբերել են մի շարք թեմաների, որոնք իրականացվել են դպրոցի տարածքում և դրանից դուրս»,- նշել է Նունե Պետրոսյանը:

Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու Քաղաքաշինության և ճարտարապետության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանը գրքույկները հանձնել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին:

Ամփոփվել են նաև ՀՀ-ում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքների շրջանակում կայացած «Լանդշաֆտի կոնվենցիա. կրթական բաղադրիչ» ազգային աշխատաժողովի արդյունքները: