ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:

Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը, գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանը և հանձնաժողովի մյուս անդամները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ մրցաշարը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար:

Մրցաշարի անցկացման ամբողջ ընթացքում Էջմիածնի քաղաքային հրապարակը փակ է լինելու երթևեկության համար, տեղում աշխատելու է շտապօգնության 6 մեքենա ինչպես մեկնարկի և վերջնարկի հատվածներում, այնպես էլ ճանապարհին: Կարևորվել է նաև մրցման ընթացքում ճանապարհին ոստիկանների ներկայությունը և պատշաճ վերահսկողությունը:

Նշվել է, որ լուծված են մրցավարությանը վերաբերող բոլոր հարցերը: Մրցավարական խմբի ղեկավար Տիգրան Սիմոնյանը նշել է, որ կապահովվի մրցավարների անհրաժեշտ քանակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև հեռարձակման ապահովման հարցը. քաղաքում տեղադրված էկրանների միջոցով հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել խճուղավազքի ընթացքին:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ին` Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ): Մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից ժամը՝ 13:00-ին:

Հիշեցնենք՝ մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

  • 1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ),
  • 2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ (10 կմ),
  • 3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ (10 կմ),
  • աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով (10 կմ):

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվելու են նաև համակարգիչներով: 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ) կստանան նաև դրամական մրցանակ:

Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները:

Մրցաշարին կարող եք հայտագրվել ինչպես օնլայն՝ փաստաթղթերն ուղարկելով sergey.abrahamyan@escs.am էլեկտրոնային հասցեին, այնպես էլ առձեռն՝ դրանք ներկայացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։