Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, օրենսդիր և գործադիր մարմինների այլ անդամներ, հյուրեր արտերկրից:

Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասել է. «Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեր կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը, որովհետև փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի ռազմավարական տեսլականին: «STARMUS»-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը, կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը: Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև մենք շարունակաբար մեծացնում ենք գիտության ֆինանսավորումը:

Հույս ունեմ՝ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս, մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված, և նաև հույս ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային գիտական նախագծերի մեջ»:

«STARMUS VI» փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:

Փառատոնի շրջանակում հնչել է «Sonic Universe» համերգային ծրագիրը, տեղի է ունեցել Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողությունը, որը ստացել է լեգենդար «Queen» խմբի կիթառահար, «STARMUS»-ի համահիմնադիր Բրայան Մեյը:

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը: Նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, դասախոսություններ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ: