ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ` կերկարաձգվի կրթության հիմքով տարկետում ստացած քաղաքացիների բանակ զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը: Նախարար Վահրամ Դումանյանի պարզաբանմամբ` այս խնդիրն առաջացել է, երբ 2017 թ․-ին «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ բոլորը պարտավոր էին ծառայել։

«Երբ գործող կարգով ուսանողները ստանում էին տարկետում բակալավրում և մագիստրատուրայում, իսկ հետո՝ ասպիրանտուրայում, շատերը խնդրի առջև էին կանգնում, քանի որ մինչև 27 տարեկանը կամ պետք է զորակոչվել կամ բանակից ազատված լինել։ Ստացվում էր, որ ասպիրանտական կրթությունը կիսատ էր մնում։ 27 թիվը խորհրդային շրջանից է, երբ դպրոցը տասը տարի էր։ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այսպիսով՝ առաջարկվում է կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի որակյալ թեկնածուական:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ հաջորդ կարգավորմամբ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Նրա խոսքով՝ տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և ԲՏՃՄ ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը՝ ելնելով տվյալ տարվա պահանջից և գերակայությունից: Վահրամ Դումանյանը փաստել է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կհստակեցվեն և կտրամադրվեն տարկետման տեղերը՝ ըստ բուհերի:

«Մինչև այժմ տրվել է տարկետում, սակայն պետությունը, այսպես ասած, ոչինչ հետ չի ստացել: ԲՏՃՄ ուղղություններով բուհական աշխատանքը, դասավանդումը հասկանալի պատճառներով հետաքրքիր չեն շրջանավարտների համար։ Ուստի, այս ուղղությամբ եռաստիճան կրթություն մատուցող որոշ բարձրակարգ բուհերի և մասնագիտությունների համար առաջարկվում է տալ տարկետման հնարավորություն»,-շեշտել է Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ սա շատ կարևոր օրենսդրական փոփոխություն է: Նա հավաստիացրել է՝ բազմաթիվ ծնողներ անհամբեր սպասում են այս փոփոխությանը, որպեսզի իրենց երեխաները կրթվեն ՀՀ բուհերում:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: