ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում մեկնարկել է ԱՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանը: Բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

Ներկայացմումը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Ներկայացման նկարիչն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գրիշա Սահակյանը, պարերի բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի։

«Սա պարզապես հյուրախաղ չէ, սա մշակութային քաղաքականության ուղերձ է հանրությանն ու ստեղծագործական համայնքին առ այն, որ ունենալ ազգային կարգավիճակ նշանակում է իսկապես լինել ազգային և երաշխավորել մշակութային արեքների հասանելիությունը յուրաքանչյուր քաղաքացուն»,- ասել է Արա Խզմալյանը: Նա ընդգծել է, որ պետությունը ֆինանսավորելիս առաջնային է համարում այն դրամաշնորհային ծրագրերը, որոնք իրականացվելու են համայնքներում:

Վանաձորում հոբելյանական թատերաշրջանի բացմանը հաջորդել է «Երեք սոպրանո» համերգը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Համերգը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Երեք սոպրանոներն էին ֆրանսիաբնակ մեր հայրենակցուհի Լուսինե Լևոնին, թատրոնի առաջատար մեներգիչներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանը և Նունե Բադալյանը:

Վանաձորի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել այս նախաձեռնությունը, որը լինելու է շարունակական:

Թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանում սպասվում են նոր առաջնախաղեր և հետաքրքիր նախագծեր։