2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու պետական աջակցության ծրագիրը շարունակվում է:

Կառավարության՝ սեպտեմբերի 1-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Հատկացված 52 մլն 380 հազար դրամ գումարի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում կստանան ընթացիկ տարվա մարտի 22-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շուրջ 221 շահառուներ, որոնք զորացրվել են 2021-2022 թվականների ձմեռային զորացրման ժամանակ:

Ընդհանուր առմամբ նշված պետական ծրագրով 2021 թ.-ին ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց տրվել է շուրջ 1 մլրդ 595 մլն 931 հազար դրամի փոխհատուցում, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող, որոնց տրվել է շուրջ 233 մլն 262 հազար դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում:

Ուսման վարձի փոխհատուցման գործընթացը և բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա շահառուների տվյալների հավաքագրումը ԿԳՄՍ նախարարության կողմից կշարունակվի մինչև պատերազմի մասնակից ժամկետային բոլոր զինծառայողների զորացրումը: