Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով: Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել են դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, շրջել դպրոցում, ծանոթացել նորակառույց հաստատության ուսումնական պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ:

Շնորհավորանքի խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Այսպիսի դպրոցում սովորելն իսկապես մեծ ձեռքբերում է: Ձեզ համար, սիրելի՛ աշակերտներ, ստեղծվել են բոլոր պայմանները: Դուք մեկ առաքելություն ունեք՝ պետք է կերտեք մեր ապագան: Իմ խնդրանքը բոլորին, հատկապես՝ ուսուցիչներին և ծնողներին, մեկն է՝ թո՛ւյլ տվեք, որ մեր երեխաները մեծանան ազատ, իրենք որոշեն իրենց ապագան, իհարկե՝ ձեր օգնությամբ և ուղեկցությամբ: Իմացե՛ք, որ միայն ազատ մարդը կարող է իսկապես ստեղծագործել, ստեղծել արժեքներ, որոնք հարկավոր են լինելու մեր պետությանը, մեր երկրի զարգացմանը: Մենք կարող ենք առաջ շարժվել, դժվարությունները հաղթահարել միայն և միայն գիտելիքի շնորհիվ: Իսկ գիտելիքի ձեռքբերումը սկսում է մանկապարտեզից, այստեղից՝ դպրոցից: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ: Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, առողջություն, նորանոր ձեռքբերումներ»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրը, նշել է. «Սեպտեմբերի 1-ը թեև օրացույցում աշնան առաջին օրն է, սակայն կրթության, գրի և դպրության իմաստով տարվա առաջին օրն է: Բոլորս սեպտեմբերի 1-ի խորհրդով ենք պայմանավորում գիտելիքի և կրթության հետ կապված մեր ցանկությունները և երազանքները` դպրոցի առաջին դասարանից մինչև բուհի առաջին կուրս: Սեպտեմբերի 1-ը սպասումների մեծ ծավալ և երազանքների խտացում ամփոփող տոն է»:

Վահրամ Դումանյանի ընդգծմամբ` ՀՀ կառավարությունը կրթական համակարգի զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում: Կառավարության ծրագրում ամրագրված է մինչև 2026 թվականն իրականացնել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում, հիմնանորոգում և վերակառուցում: Նրա խոսքով` Կառավարության և վարչապետի կողմից հստակ պահանջ է դրված, որ հիմնանորոգվող և վերակառուցվող դպրոցներում ամեն ինչ պետք է նոր լինի` սկսած դպրոցական սեղան-աթոռից մինչև լաբորատոր սարքավորումներ:

«Այսինքն` դրվագային կամ կարկատանային լուծումները բացառել ենք: Կոնկրետ 142 ավագ դպրոցի օրինակով կարող ենք համոզվել, որ Կառավարությունն իր ստանձնած հանձնառությունն արդեն իրականացնում է, և հավատացած եղե՛ք, որ շարունակելու է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ»,- նշել է Վ. Դումանյանը:

Կրթության ոլորտի այս տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրել է նաև ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որն արդեն հաստատվել է Կառավարության կողմից, առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում և ընդունվելու է որպես օրենք: Նախարարի տեղեկացմամբ` Ազգային ժողովում քննարկվելուց և հաստատվելուց հետո Կառավարության որոշմամբ կհաստատվի ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի գործողությունների ծրագիրը, որտեղ կնշվեն այն քայլերն ու միջոցառումները, որոնք պետք է արվեն պետական ծրագրի թիրախներին հասնելու համար:

Կրթական տարվա մյուս կարևոր ձեռքբերումը, ըստ նախարար Վահրամ Դումանյանի, հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է, որն անցյալ տարվանից փորձարկվում է Տավուշում, իսկ 2023 թվականից փուլային եղանակով տեղայնացվելու է հանրապետության բոլոր դպրոցներում:

Նշենք, որ ՀԲ վարկային ծրագրի շրջանակում Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցն ամբողջությամբ վերակառուցվել է` հիմնովին նորոգվել են դպրոցի շենքը, տանիքը, դասասենյակները, բակը, մարզադահլիճը: Ծրագրի շրջանակում դպրոցը հագեցվել է նաև նոր ուսումնական գույքով և տեխնիկական միջոցներով: Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, փոխվել և թարմացվել են կոմունալ ենթակառուցվածքները:

Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցն ավելի քան 200 սովորող ունի: Դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանի խոսքով` իրենք սրտի թրթիռով և շատ երկար են սպասել նորոգված դպրոցում դասեր անելու երանելի պահին: Շինարարության ընթացքում` շուրջ երկուսուկես տարի, աշակերտների դասերը կազմակերպվել են հարևան թիվ 141 հիմնական դպրոցում, եղել են դժվարություններ, որոնք այլևս անցյալում են:

«Այս սեպտեմբերի 1-ին մեր դպրոցում տրամադրությունը կրկնակի տոնական է, որովհետև ուսումնական տարին սկսում ենք նոր պայմաններում և ուսումնական լավագույն միջավայրում»,- նշել է Ա. Միրզոյանը:

Ծրագրի արդյունքում դպրոցը ստացել է բնագիտական 4 լաբորատորիա` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համար: Բակում տեղադրվել են վթարային աստիճանավանդակներ, ինչը պարտադիր քաղաքաշինական պահանջ է նոր կառուցվող ուսումնական հաստատությունների համար: Դպրոցն ունի հարմարեցված պայմաններ և միջավայր` համընդհանուր ներառականության համար. տեղադրվել է վերելակ, կառուցվել են թեքահարթակներ և հարմարեցված մուտք դեպի մարզադահլիճ` հատուկ կարիքով երեխաների համար: