ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը:

Խորհրդակցությունը վարել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ և պլանավորված աշխատանքները, նոր չափորոշչի ներդրման, նոր մեթոդների և գործիքների կիրառման, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը վերաբերող ու մի շարք այլ հարցեր:

Ողջունելով մարզի կրթության բնագավառի աշխատակիցներին՝ Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորել է Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ուսումնական գործընթացում:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ևս ողջունել է ներկաներին ու ներկայացրել հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրման ընթացքը, արդյունքը և մի շարք փոփոխություններ, որոնք իրականացվելու են նոր ուսումնական տարում: Նա նաև անդրադարձել է առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին, դպրոցների ֆինանսավորման կարգին և այլ փոփոխությունների:

Բաղդասարյանը տեղեկացրել է՝ հանրակրթության նոր չափորոշիչները բոլոր մարզերում ներդրվելու են 2023-24 ուստարվանից, այդ չափորոշիչները հիմնված են կոմպետենցիաների, կարողությունների հիման վրա, որոնք գիտելիքից բացի սովորողին տալիս են հմտություն, արժեքային համակարգ և դիրքորոշում:

Նոր ուսումնական տարում բոլոր ուսումնական հաստատությունները պետք է զինվեն բնագիտական առարկանների և ինժեներական լաբորատորիաներով, դասերի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու գործնական առաջադրանքներին:

Նոր չափորոշիչների ներդրմամբ` նախատեսվում է գնահատման համակարգի փոփոխություն իրականացնել և միավորային գնահատման համակարգից տարրական համակարգում անցում կատարել ոչ միավորային գնահատման համակարգի:

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը՝ Արսեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այս տարի Լոռու մարզից կամավոր ատեստավորման համար հայտ է ներկայացրել 314 ուսուցիչ: Նա նշել է, որ գործընթացի նպատակն է խրախուսել բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին և մոտիվացնել մյուսներին: Նվազագույն շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը 108.800 դրամից դառնում է 200.000 դրամ:

Փոփոխություն է նախատեսվել նաև տարակարգի ձեռքբերման գործընթացում:

Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ ներկայացրել է ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ կատարված աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները պատասխանել են ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ներառական կրթությանը, աշխատավարձերի բարձրացմանը, բյուջեի ձևավորմանը, ատեստավորմանը և մի շարք այլ հարցերի։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը շնորհակալություն է հայտնել կրթության բնագավառի մասնագետներին՝ սրտացավ աշխատանքի համար: