Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը:

Առաջնության 7-րդ տուրում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը մրցել է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ և ոչ-ոքի խաղացել՝ ընդհատելով 5-խաղյա հաղթանակների շարքը: 8-րդ տուրում էլ Գևորգյանն առավելության է հասել Լեհաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Ալեքսանդրա Մալցևսկայայի նկատմամբ և 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ միանձնյա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Մոնիկա Սոչկոն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 7 միավորով։

Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, որը 6-րդ տուրում առաջին պարտությունն էր կրել՝ զիջելով հենց Սոչկոյին, 7-րդ տուրում սև խաղաքարերով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ժոզեֆին Հայնեմանին, իսկ 8-րդ տուրում՝ Աննա Սարգսյանին: Դանիելյանը 6, իսկ Աննա Սարգսյանը 5 միավոր ունի իր ակտիվում:

6-րդ տուրի պարտիան հաղթանակով է ավարտել նաև Լիլիթ Մկրտչյանը՝ սպիտակներով պարտության մատնելով էստոնացի Մայ Նարվային: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 6-ական միավորով բաժանում են 3-8-րդ տեղերը։

8-րդ տուրում հաղթանակներ են տարել նաև Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, որոնք առավելության են հասել համապատասխանաբար Նիդեռլանդները ներկայացնող հայազգի շախմատիստուհի Աննա-Մաջա Ղազարյանի ու չեխ Պետրա Սոչորովայի նկատմամբ: Մկրտչյանը և Գաբոյանը 4,5-ական միավոր են վաստակել:

Օգոստոսի 29-ին կկայանան առաջնության 9-րդ տուրի պարտիաները: Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 3 տուր: