ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին Նորայր Մուշեղյանի կողմից և վերջին 20 տարվա ընթացքում ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման:

Հիմնարար վերանորոգման աշխատանքները մեկնարկել են շուրջ 3 ամիս առաջ: Մարզադպրոցում արդեն տեղադրվել են ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից լույսեր, վարժասարքեր, ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգեր: Վերանորոգվել են նաև մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք: Աշխատանքներն իրականացվել են մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է այն, որ այս ամենն արվել է մասնավորի օժանդակությամբ. «Վստահ եմ՝ բացի ընկերական հարաբերություններից, Սամվել Գևորգյանի ընկերը հաշվի է առել նաև այն նվաճումները, որ մենք ունենք: Կան արդյունքներ ու մասնավորն ուզում է նպաստել դրանց բարելավմանն ու ավելացմանը: Սա հրաշալի է, չէ՞ որ սպորտն իրականում թանկ հաճույք է: Կառավարությունը, իհարկե, ամեն ինչ անում է բարձր արդյունքների հասնելու համար, բայց եթե ներգրավվեն այսպիսի անձինք, մեր արդյունքները կբազմապատկվեն: Շատ ուրախ եմ, որ շուտով Երևանի հենց սրտում կունենանք գերժամանակակից և բոլոր չափանիշներին համապատասխանող շատ գեղեցիկ մարզադպրոց»:

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը շատ տիտղոսակիր մարզիկներ, աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ թողարկած դարբնոց է: Ի դեպ, վերջերս հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Վիգեն Նազարյանը, փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը, ինչպես նաև ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը հենց այս մարզադպրոցի սաներ են:

Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի խոսքով՝ հին կառույցից մնացել են միայն պատերը. «Ամեն ինչ փոխվել է՝ էլեկտրական համակարգը, խողովակները: Իրականում շատ մեծ ֆինանսներ են ծախսվել: Այս մարզադպրոցը մեր տունն է, աշխատանքներն էլ արվել են այնպես, ինչպես մեր տանը կանեինք: Մեր մարզադպրոցն ամենահին դպրոցներից է ու մինչև հիմա առաջատարներից մեկն է: Ըմբշամարտի հավաքականի անդամների եթե ոչ 70, ապա 50 տոկոսն այս մարզադպրոցի սաներ են: Վստահ եմ՝ բարելավված պայմաններում մեր երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ կմարզվեն ու կձգտեն գրանցել առավելագույն արդյունքները»:

Մարզադպրոցի վերաբացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: