2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են. կայացել է հերթական հանդիպումը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ։

Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, Կրթության և մշակույթի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Արագածոտնի մարզի կրթության ոլորտի պատասխանատուներին` ընդգծելով նախորդ տարի համավարակի պայմաններում կրթական գործընթացն ապահովող ուսուցիչների ջանքերը. «Հայաստանը այն քիչ երկրներից է, որը համավարակի պայմաններում կարողացել է հնարավորինս ապահովել կրթության շարունակականությունը։ Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր դասաժամերի ընթացքում աշակերտներին արտակարգ դրության պայմաններում սովորելու կարգուկանոնի վերաբերյալ պատշաճ իրազեկումն ու այս ուղղությամբ նրանց իմացության բարձրացումը»։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև միասնական քննությունների արդյունքներին՝ մատնանշելով այն առարկաները, որոնց ցուցանիշները խնդրահարույց են և արձանագրել՝ լուծումները պետք է գտնել համատեղ ու շարունակական աշխատանքով։ Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կարևորությունն ընդգծելով՝ փոխնախարարը նշել է, որ ըստ նոր չափորոշչի՝ բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ։

«2023 թ. սեպտեմբերից սկսած՝ բոլոր դպրոցներում մեկնարկելու է նոր չափոշորիչների ներդրման գործընթացը, որը ենթադրում է նախապատրաստական ծավալուն աշխատանք՝ բոլոր մարզերի հանրակրթության ոլորտի մասնագետների ներգրավմամբ»,- ասել է նա։

Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղարը ներկայացրել է մարզի կրթական հաստատություններում իրականացված մոդուլային դպրոցների կառուցման, մարզպետարանի բյուջեից տնտեսված գումարների հաշվին կրթօջախներում ընթացող ծավալուն վերանորոգման աշխատանքները: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել դասագրքերի հայտագրման և բաշխման խնդրին. նշվել է, որ դպրոցները կստանան այնքան դասագիրք, որքան նրանք նախապես էլեկտրոնային եղանակով հայտագրել են:

Նշվել է, որ նաև մարզի շրջանավարտների բուհեր ընդունվելու ցուցանիշը գոհացուցիչ է, դրական արդյունք է արձանագրվել նաև միջազգային օլիմպիադաներում մասնակիցների ակտիվության առումով:

Խորհրդակցությանը քննարկված հաջորդ հարցերն էին ուսուցիչների վարձատրության համակարգի փոփոխությունները, կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները հանգամանալից պարզաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը իրազեկել է, որ փոքր թվաքանակ ունեցող դպրոցներում բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգը վերանայվել է. անկախ աշակերտների թվից՝ բազմահամակազմ դասարաններ թույլատրելի են միայն արվեստի առարկաների և ֆիզկուլտուրայի համար: Մնացած առարկաների համար լինելու է առանձին ուսուցում:

Հանդիպման երկրորդ հատվածում ԿԶՆԱԿ-ի տնօրենը՝ Արտաշես Թորոսյանը, ներկայացրել է նոր չափորոշիչների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերին վերաբերող առաջիկա անելիքները, իսկ Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը պարզաբանումներ է ներկայացրել պաշտոնային նկարագրերի փոփոխության, վարչական աշխատողների` տնօրեն, փոխտնօրեն, դասավանդման և դրա հետ փոխկապակցվող հարցերի շուրջ։

Քննարկումը եզրափակվել է հարցուպատասխանով. ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պատասխանել են տնօրենների հարցերին։