Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար և ընդգծել հետևյալը, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք որպես նպատակ ֆիքսել ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Սա ձևակերպել ենք որպես ռազմավարական նպատակ Հայաստանի համար, և ուզում եմ իմանաք, որ մենք նաև ձեր աջակցությամբ և խորհրդով կամ հայտով պատրաստ ենք անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ դրան հասնելու համար»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ շախմատի հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի ընթացքի, մրցաշարից ստացած տպավորությունների, ինչպես նաև մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը վերահաստատել է Կառավարության՝ իր գործիքակազմով ոլորտի զարգացումը խթանելու պատրաստակամությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով: