Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան:

Կայացած 9 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ կանանց ընտրանին 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։

10-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ:

Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեյինովի, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Նիյատ Աբասովի հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ՝ 9-րդ տուրում, կրել է առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին, իսկ 8-րդ տուրում 2,5։1,5 հաշվով հաղթանակ է տարել Հնդկաստանի նկատմամբ:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) և ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ:

9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է Ուզբեկստանի ընտրանին, Հնդկաստանի երկրորդ թիմն ու Հայաստանի հավաքականը 15 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:

Կանանց հավաքականի կազմում էլ Ադրբեջանի թիմի դեմ խաղում հայտավորված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Նախորդ՝ 9-րդ տուրում, կանայք մրցել են ռումինացիների հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ 8-րդ տուրում Զավեն Անդրիասյանի սաները 0.5։3.5 հաշվով պարտվել են Վրաստանի թիմին։

10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: