Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է 64 կգ քաշային սամբիստ Մհեր Օհանյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր:

Եվս մեկ, բայց արդեն արծաթե մեդալ է նվաճել հրաձիգ Նարե Մելքումյանը: Հրացան ձևի 15-ամյա մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել՝ վերջնարդյունքում 4:16 հաշվով զիջելով Սախայի Հանրապետությունը (Յակուտիա) ներկայացնող մարզուհուն:

Հիշեցնենք՝ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն առաջին մեդալը նվաճել էր դարձյալ հրաձգություն մարզաձևից:

Հրացան ձևի մարզիկ Գագիկ Նիկողոսյանը, խոցելով 607.0 միավոր, 3-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում, չզիջելով դիրքերը, խոցել էր 252.1 միավոր և վերջնարդյունքում գրավել էր 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցում Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից:

19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 8-ը: