ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադպրոցական ոլորտի՝ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերը:

Օրակարգում ընդգրկված էին ՀՀ-ում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների միասնական զարգացման ծրագրի, «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների, ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի 2023 թ. կատարողական ցուցանիշների և 2022 թ. 1-ին կիսամյակում մարզերում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ոլորտային պատասխանատուները հնչեցրել են հավաքագրված այն խնդիրները, որոնք ներկայացվել են մարզերում գործող երաժշտական, արվեստի դպրոցներից և մշակութային ժամանցի կենտրոններից՝ առաջարկելով խնդիրների հնարավոր լուծումներ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել փորձագիտական աշխատանքային խումբ արտադպրոցական ոլորտի՝ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերին նվիրված խնդիրների լուծման նպատակով: