Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը Հռոմում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է հաղթողի տիտղոսը:

60 կգ քաշայինների եզրափակչում մեր պատանի ըմբիշը 8:0 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կևին Գրասսոյի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասել ղազախ ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 8:0 հաշվով ուժեղ գտնվել Թուրքիայի ներկայացուցչից: Կիսաեզրափակչում էլ հայ ըմբիշը գոտեմարտել էր իրանցի Հոսեին Միրշեքարի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել:

71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ որոշիչ գոտեմարտում 12:1 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին:

Վարդերեսյանը մեկնարկում 12:3 հաշվով առավելության էր հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթել Ֆինլանդիայի, քառորդ եզրափակչում՝ Ճապոնիայի ներկայացուցիչներին (10:1): Կիսաեզրափակչում էլ Վարդերեսյանը պարտություն էր կրել ադրբեջանցի ըմբիշից:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը: Վերջինս սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում մրցել է ղազախ ըմբիշի հետ, որտեղ, սակայն, 3:5 հաշվով պարտություն է կրել:

65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը ցավալի պարտություն է կրել սփոփիչ գոտեմարտում՝ զրկվելով բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը և 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, պարտություններ են կրել ավելի վաղ փուլերում և դուրս են մնացել մեդալային պայքարից:

Ազատ ոճայինները պայքարը կսկսեն հուլիսի 29-ից: Հայաստանը կներկայացնեն Արման Հարությունյանը (45 կգ), Հայկո Գասպարյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արեն Սերոբյանը (55 կգ), Վլադիմիր Ազարյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ):