Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային օպերային աստղերի համերգային կատարմամբ կհնչի Վերդիի «Օթելլո» օպերան: Մասնակցում են Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Լիանա Ալեքսանյանը (Դեզդեմոնա), Վլադիսլավ Սուլիմսկին (Յագո), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:

‹‹Օթելլոն›› Վերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը:

Օթելլոյի դերում հանդես է գալու Արսեն Սողոմոնյանը. նա այս դերերգով հանդես է եկել ավելի քան քսանհինգ անգամ՝ աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Սողոմոնյանի ձայնը հազվագյուտ, հերոսական տենոր է և նա դրամատիկ տենորի երկացանկի ամենապահանջված օպերային երգիչներից է: Լիանա Ալեքսանյանը, որը հանդես կգա Դեզդեմոնայի դերերգով, իր սերնդի ամենավառ սոպրանոներից է: Նրա փայլուն ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է Միլանի Լա Սկալան, Բուենոս Այրեսի Կոլոնը, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի լավագույն օպերային թատրոններն ու համերգասրահները: GRAMMY հավակնորդ (2009 թ.), բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, ռուս անվանի բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին կկերտի Յագոյի կերպարը: Սուլիմսկին այսօր աշխարհի առաջատար դրամատիկ բարիտոններից է, որը հատկապես հայտնի է Վերդիի դրամատիկ բարիտոնի բարդագույն դերերգերի կատարումներով:

Յագոյի տիկնոջ դերերգով հանդես կգա մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը, Կասսիոյի կերպարը կմարմնավորի տենոր Տիգրան Հակոբյանը, Ռոդրիգո՝ Հայկ Թոնգուրյան (տենոր), Լոդովիկո՝ Հայկ Տիգրանյան (բաս), Մոնտանո՝ Աշոտ Ղանթարջյան (բարիտոն):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ ‹‹Օթելլոն›› հնչել է նաև 2018-2019 թվականների համերգաշրջանի փակմանը: