«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը։
Միջոցառման կազմակերպիչներն էին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները։
Ներկայացվել է «Գնդեվանքի գանձերը» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը: Ցուցադրվել են վանքի տարածքից հայտնաբերված նյութերը՝ եկեղեցական գույք, սպասք, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակներ, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր:
Ցուցադրությանը հաջորդել է համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր՝ Լյուք Բաղդասարյան (Շվեյցարիա): Մենակատար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։
Ծրագրում հնչել են Ալ. Հարությունյանի, Ղ. Սարյանի, Մ. Վարդազարյանի, Պ. Մասկանիի, Է. Բաղդասարյանի, Կոմիտասի, Էդ. Հովհաննիսյանի, Գ. Գյուրջիևի, Գ. Ֆորեյի, Հ. Մելիքյանի ստեղծագործություններից։